Վահագն Տոնոյան
Մեր պատմությունները շուտով կարող եք նաև լսել փոդքասթով` «Պատմություն ավերակներից այն կողմ»: Շատ կցանկանանք լսել ձեր կարծիքը այս զրույցի վերաբերյալ։ Մեզ հետ կապ կարող եք կապ հաստատել storybeyondtheruins@gmail.com էլ. հասցեի կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Նախաերգը կոչվում է «Ջանիման», կատարումը` Զուլալի: *Խնդրում ենք հաշվի առնել, որ այս պատմություններում որոշակի հատվածներ կարող են ծանր և մտահոգիչ լինել։
Վճռորոշ պահ
Վահագն Տոնոյանը ծնվել է Երևանում 1971 թվականին: Հայրը աշխատել է փոստային ծառայությունում, իսկ մայրը եղել է հաշվապահ: Նա և իր քույրերն ու եղբայրներն ամառներն անցկացրել են Ստեփանավանում` տատիկի և պապիկի հետ: Վահագնը հիշում է իր ըներներների հետ անցկացրած ուրախ օրերը, երբ գնում էին ձկնորսության, սունկ էին հավաքում և գետում լողում: Վահագնը լավ է սովորել, հատկապես շատ լավ է տիրապետել մաթեմատիկա առարկային: Այդ իսկ պատճառով ուսումը շարունակում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Հիշում է, որ դասերի առաջին օրը չեղյալ էր հայտարարվել՝ Ղարաբաղյան շարժման բողոքի ցույցերի պատճառով:
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի օրը Վահագնը գտնվում էր «Մաթեմատիկական վերլուծություն» դասին: Առաջին կիսամյակն էր համալսարանում: Բոլորն անմիջապես կանգնեցին և սկսեցին փնտրել դուրս գալու ելքը, բայց դասախոսը ստիպեց բոլորին նստել և վերջացնել վարժությունը: Ոչ ոք չգիտեր, թե ինչ է տեղի ունեցել: Վահագնին հայտնի դարձավ իրողությունը, երբ տանը հայտնի սովետական նորություններով` «Վրեմյա»-ով տեսավ երկրաշարժի ավերածությունները: Տեղի ունեցած իրադարձությունը նորությունների կիզակետում էր: Դիտելով նորությունները` Վահագնը որոշեց գնալ Գյումրի` միանալու փրկարարական աշխատանքներին: Նա զանգահարեց իր մանկության ընկերներին և պլանավորեց հաջորդ օրը հանդիպել համալսարանում: Նրանք հաճելիորեն զարմացան՝ տեսնելով, որ համալսարանը ուսանողներին Գյումրի ուղևորելու համար արդեն ավտոբուսներ և սարքավորումներ է տրամադրել:
Երբ հասան Գյումրի, այն ամբողջովին փլատակների տակ էր: Հիշում է՝ ինչպես ավտոբուսից իջան և անմիջապես միացան փրկարարական աշխատանքներին: Նրանք աշխատում էին գիշերվա ընթացքում խիստ ձմռան ցրտի պայմաններում․ ընդմիջում էին՝ պառկելով կրակի փոքր կայծերով տաքացվող քարերի վրա: Վահագնը կամացուկ պատմում է, թե որքան հանգիստ էր այն պահին, երբ գտավ առաջին մարմինը: Հետո այդ մարմինների թիվը ավելացավ: Այդ ժամանակ ջուր չկար և լվացվելու համար օգտագործում էին «Պեպսի կոլա» մոտակա խանութից:
Վահագնը նաև հիշում է թալանված խանութները և այն իրականությունը, որտեղ անհնար էր կանգնեցնել գողերին: Երեք օր Գյումրիում փրկարարական աշխատանքից հետո Վահագնը վերադարձավ Երևան, ապա` Ստեփանավան՝ իր մանկության տուն: Ճանապարհին նա տեսավ Սպիտակի ավերածությունները: Չկար ոչ մի կանգուն շենք: Երկրաշարժից հետո առաջին մի քանի շաբաթվա ընթացքում տեսնելով միջազգային փրկարարական խմբեր Գերմանիայից և Ֆրանսիայից` Վահագնը գիտակցեց, որ Հայաստանը պրոֆեսիոնալ փրկարարական ծառայության կարիք ունի: Դասերին վերադառնալու հաջորդ օրերի ընթացքում միացավ «Սպիտակ» կոչվող փրկարարական ծառայությանը, որը կրում էր ավերված Սպիտակ քաղաքի անունը:
Հաջորդ մի քանի տարիներին Վահագնը և մյուս կամավորները մասնակցում են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և Միացյալ Նահանգներում փրկարարական դասընթացների: Նրանք հասարակության համար անհրաժեշտ վարժություններ էին կատարում, ինչպես օրինակ, մեքենան կիսելն է` փրկելու ներսում գտնվող մարդուն: Ծառայել է նաև Խորհրդային պաշտոնական փրկարարական թիմում՝ Վրաստանի և Իրանի աղետների ժամանակ: Վահագնը նաև ցույց է տալիս իր շան` Յուրոի նկարը, գերմանական Շեպարդ ցեղատեսակի շուն, որին նույնպես Գերմանիա էր տարել` վարժեցնելու համար: Թեև կազմակերպության համար կամավորների վերապատրաստումը կարևոր էր` նա ասում է, որ «Սպիտակ»-ի վերջնական նպատակը դաշնային գործակալությանն աջակցելն էր արտակարգ իրավիճակների ժամանակ:
Այսօր այդ կազմակերպությունը գործում է որպես Արտակարգ իրավիճակների նախարարություն: Վահագնին դուր է գալիս այն միտքը, որ նա դերակատարություն ունի գործակալության ստեղծման մեջ: Այսօր նրա համար զավեշտալի է իրեն պատկերացնել որպես համակարգչային ծրագրավորող: Հաջորդ տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակավություն էր: Համակարգչային ծրագրեր ուսումնասիրած 100 ուսանողներից գուցե տասը շարունակեցին մասնագիտանալ: Ժամանակը այլ բան էր պահանջում , և նա ստանձնեց այդ պատասխանատվությունը: Երկրաշարժից հետո իր գործունեությունը կերտեց նրա այսօրվա կերպարը: Հետաքրքիր է, որ Վահագնի ավագ որդին ավարտել է նույն համալսարանը, ծրագրավորողի գիտական աստիճանով, և Երևանում այժմ ղեկավարում է նորարարական բիզնես:
Զրույցի ավարտին Վահագնը նշում է, որ մեկ այլ երկրաշարժի դեպքում Հայաստանին անհրաժեշտ կլինի միջազգային օգնություն, ինչպես որ ցանկացած երկրի դեպքում, չնայած որ այստեղ գործում է Արտակարգ իրավիճակների նախարարություն, որն աշխատում է մեծ նվիրումով: Նա շեշտում է արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու և ճիշտ արձագանքելու կարևորությունը, ինչը նույնիսկ ենթադրում է քնած ժամանակ կողքիդ փոքրիկ լապտեր ունենալը: «Հենց այդ փոքրիկ բաներն են, որ կարող են փրկել մեր կյանքը», ասում է նա:
Վահագնի մասին
Վահագն Տոնոյանը ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունի արտակարգ իրավիճակների կառավարման, արձագանքման, դասընթացների պատրաստման և վարման ոլորտում: 2002 թվականի սեպտեմբերին Վահագնը դարձավ Հայաստանի Խաղաղության կորպուսի անվտանգության հարցերով համակարգողը: Մինչ այդ նա աշխատել է Հայկական Կարմիր խաչ ընկերության համար` որպես աղետների պատրաստման և արձագանքման համակարգող Երևանի և Հայաստանի Կենտրոնական շրջանի համար:
1989 թվականից Վահագնը եղել է «Սպիտակ» կամավորական փրկարարական խմբի անդամ: Նա մասնակցել է փրկարարների համար նախատեսված մի շարք միջազգային դասընթացների: Նաև մասնակցել է Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Տաջիկստանի, Օսեթիայի և Ղարաբաղի մի շարք փրկարարական գործողությունների:
Վահագնը ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը` որպես ծրագրավորող:
Ամուսնացած է, ունի 2 որդի: